PUBLIC OFFER

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ

Անշարժ գույքի առցանց ամրագրման վերաբերյալ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Օֆերտայի առարկան

1.1.1. Սույն Հրապարակային օֆերտան (այսուհետ՝ «Օֆերտա») հանդիսանում է ԱՐՄԿՈՆՍՏՐԱԿՏ ՍՊԸ-ի (այսուհետ՝ «Կառուցապատող») հրապարակային առաջարկը՝ Կառուցապատողի պաշտոնական կայքի միջոցով իրականացնել անշարժ գույքի օբյեկտի առցանց ամրագրում և ստանալ ամրագրման վճար՝ սույն Օֆերտայով սահմանված պայմաններով:

1.1.2. Սույն Օֆերտան կարգավորում է Կառուցապատողի և Հաճախորդի միջև առաջացող իրավահարաբերությունները բացառապես առցանց ամրագրման գործընթացի շրջանակներում:

1.1.3. Սույն Օֆերտան չի հանդիսանում անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, նախնական պայմանագիր կամ սեփականության իրավունքի փոխանցման հիմք:

1.1.4. Առցանց ամրագրումը նպատակ ունի սահմանված ժամկետով ապահովել ընտրված Օբյեկտի պահպանումը Հաճախորդի համար՝ մինչև համապատասխան պայմանագրի կնքումը կամ Օֆերտայով նախատեսված ժամկետի ավարտը:

 

1.2. Հիմնական հասկացություններ

Սույն Օֆերտայում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

Կառուցապատող՝ սույն Օֆերտան հրապարակած իրավաբանական անձը:

Հաճախորդ՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Կայքի միջոցով իրականացնում է առցանց ամրագրում:

Օբյեկտ՝ բնակարան, բնակելի տուն, կոմերցիոն տարածք, ավտոկայանատեղի, պահեստ կամ Կառուցապատողի կողմից վաճառքի առաջարկվող այլ անշարժ գույք:

Ամրագրման վճար՝ Հաճախորդի կողմից վճարվող գումար, որի հիման վրա Օբյեկտը ժամանակավորապես ամրագրվում է:

 

1.3. Օֆերտայի ընդունումը

1.3.1. Նախքան վճարման գործընթացին անցնելը Հաճախորդը պարտավոր է ծանոթանալ սույն Օֆերտային:

1.3.2. Օֆերտան համարվում է ընդունված (ակցեպտավորված), եթե Հաճախորդը.

  • նշել է «Ծանոթացել եմ և ընդունում եմ Օֆերտայի պայմանները» վանդակը (checkbox),
  • նշել է «Ծանոթացել եմ և ընդունում եմ 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի ամրագրման վճարի չվերադարձման պայմանները» վանդակը (checkbox),
  • սեղմել է «Շարունակել վճարումը» կոճակը,
  • անցել է վճարային հարթակ և կատարել ամրագրման վճարը:

1.3.3. Հաճախորդի կողմից 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի ամրագրման վճարի չվերադարձման պայմանը հաստատող checkbox-ի նշումը նշանակում է, որ Հաճախորդը նախապես, հստակ և միանշանակ ծանոթացել է տվյալ պայմանին և համաձայնել է, որ ամրագրման վճարը ենթակա չէ վերադարձման Օֆերտայով նախատեսված դեպքերում:

1.3.4. Օֆերտայի ընդունումը նշանակում է, որ Հաճախորդը ամբողջությամբ և անվերապահորեն համաձայն է սույն Օֆերտայի բոլոր պայմաններին:

 

1.4. Կիրառելի իրավունքը

1.4.1. Սույն Օֆերտան կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

1.4.2. Սույն Օֆերտայի հետ կապված բոլոր հարաբերությունները մեկնաբանվում և կիրառվում են Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջներին համապատասխան:

ԳԼՈՒԽ 2. ԱՌՑԱՆՑ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

2.1. Ընդհանուր դրույթներ

2.1.1. Կառուցապատողը Հաճախորդին հնարավորություն է տրամադրում պաշտոնական Կայքի միջոցով ընտրել վաճառքի առաջարկվող Օբյեկտը, կատարել դրա առցանց ամրագրումը և վճարել ամրագրման վճարը՝ սույն Օֆերտայի պայմաններին համապատասխան:

2.1.2. Առցանց ամրագրումը նախատեսված է բացառապես ընտրված Օբյեկտը սահմանված ժամկետով Հաճախորդի համար պահելու նպատակով և ինքնին չի առաջացնում Օբյեկտի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունք:

 

2.2. Օբյեկտի ընտրությունը

2.2.1. Հաճախորդը Կայքում ներկայացված ազատ Օբյեկտներից ընտրում է իրեն հետաքրքրող անշարժ գույքը:

2.2.2. Կայքում հրապարակված գները, հատակագծերը, նկարագրությունները, մակերեսները և այլ տվյալները կրում են տեղեկատվական բնույթ և կարող են փոփոխվել մինչև ամրագրման հաստատումը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Կառուցապատողի կողմից այլ կարգ սահմանված չէ:

2.2.3. Եթե ընտրված Օբյեկտը տեխնիկական կամ այլ պատճառներով այլևս հասանելի չէ, Կառուցապատողը տեղեկացնում է Հաճախորդին և, վճարման կատարված լինելու դեպքում, վերադարձնում է ամրագրման վճարը սույն Օֆերտայի պայմաններով:

 

2.3. Ամրագրման գործընթացը

2.3.1. Օբյեկտի առցանց ամրագրումն իրականացվում է հետևյալ հերթականությամբ.

  • Հաճախորդը Կայքում ընտրում է ցանկալի Օբյեկտը։
  • Հաճախորդը լրացնում է պարտադիր անձնական և կոնտակտային տվյալները, այդ թվում՝
    • անունը և ազգանունը,
    • գործող և հասանելի բջջային հեռախոսահամարը, որով Կառուցապատողը կարող է կապ հաստատել Հաճախորդի հետ,
    • էլեկտրոնային փոստի հասցեն,
    • ինչպես նաև Կառուցապատողի կողմից պահանջվող այլ տվյալները:
  • Հաճախորդը ծանոթանում է սույն Հրապարակային օֆերտային։
  • Հաճախորդը հաստատում է Օֆերտայի ընդունումը՝ նշելով համապատասխան վանդակը (checkbox)։
  • Հաճախորդը հաստատում է 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի ամրագրման վճարի չվերադարձման պայմանները՝ նշելով համապատասխան վանդակը (checkbox),
  • Հաճախորդը փոխանցվում է անվտանգ քարտային վճարման հարթակ։
  • Հաճախորդը վճարում է Ամրագրման վճարը։
  • Վճարման հաջող հաստատումից հետո համակարգը գրանցում է ամրագրումը, ձևավորում դրա հաստատումը և այն ուղարկում Հաճախորդին էլեկտրոնային եղանակով։

2.3.2. Ամրագրումը համարվում է կատարված միայն այն դեպքում, երբ Ամրագրման վճարը հաջողությամբ հաստատվել է, և Կառուցապատողի տեղեկատվական համակարգում ձևավորվել է ամրագրման գրանցումը:

 

2.4. Ամրագրման ժամկետը

2.4.1. Ամրագրումն ուժի մեջ է մտնում վճարման հաջող հաստատման պահից:

2.4.2. Ամրագրումը գործում է 12 օր՝ վճարման հաստատման պահից:

2.4.3. Ամրագրման գործողության ընթացքում Կառուցապատողը պարտավորվում է չառաջարկել տվյալ Օբյեկտը այլ գնորդի, բացառությամբ սույն Օֆերտայով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2.4.4. 12 օրվա ընթացքում Հաճախորդը պարտավորվում է կապ հաստատել Կառուցապատողի հետ և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ համապատասխան պայմանագրի կնքման նպատակով:

2.4.5. Եթե 12 օրվա ընթացքում կողմերը չեն կնքում համապատասխան պայմանագիր կամ գրավոր (կամ էլեկտրոնային եղանակով) չեն երկարաձգում ամրագրման ժամկետը, ամրագրումն ինքնաբերաբար դադարում է:

 

2.5. Վճարման հաստատումը

2.5.1. Ամրագրումը համարվում է կատարված միայն այն դեպքում, երբ.

  • Օֆերտան ընդունվել է,
  • ամրագրման վճարի չվերադարձման պայմանները ընդունվել են,
  • վճարումը հաջողությամբ հաստատվել է,
  • Կառուցապատողի տեղեկատվական համակարգում ստեղծվել է ամրագրման գրանցում:

2.5.2. Վճարման հաջող ավարտից հետո Հաճախորդին տրամադրվում է էլեկտրոնային հաստատում, որը ներառում է առնվազն.

  • ամրագրման համարը,
  • ընտրված Օբյեկտի տվյալները,
  • վճարված գումարը,
  • ամրագրման գործողության ժամկետը,
  • Կառուցապատողի հետ հետագա կապի տվյալները:

2.5.3. Եթե վճարումը չի հաստատվել կամ գործարքը մերժվել է վճարային համակարգի կամ քարտ թողարկող բանկի կողմից, Օբյեկտը չի համարվում ամրագրված:

ԳԼՈՒԽ 3. ԱՄՐԱԳՐՄԱՆ ՎՃԱՐ, ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

3.1. Ամրագրման վճարը

3.1.1. Ընտրված Օբյեկտի առցանց ամրագրման համար Հաճախորդը վճարում է առնվազն 500 000 (հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ (այսուհետ՝ «Ամրագրման վճար»

3.1.2. Ամրագրման վճարը վճարվում է մեկանգամյա՝ Կառուցապատողի կողմից տրամադրված անվտանգ առցանց վճարային հարթակի միջոցով:

3.1.3. Ամրագրման վճարը հանդիսանում է Օբյեկտի ժամանակավոր ամրագրման դիմաց վճարվող գումար և ինքնին չի հանդիսանում անշարժ գույքի ամբողջական արժեքի վճարում կամ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք:

3․1․4․ Եթե Կառուցապատողի և Հաճախորդի միջև կնքվում է համապատասխան անշարժ գույքի ձեռքբերման կամ Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագիր, ապա Ամրագրման վճարը հաշվանցվում է Օբյեկտի արժեքի դիմաց վճարման ենթակա գումարի կազմում, եթե կողմերի միջև գրավոր այլ համաձայնություն ձեռք չի բերվել:

 

3.2. Վճարման իրականացումը

3.2.1. Վճարումն իրականացվում է բացառապես Կառուցապատողի կողմից ընտրված լիցենզավորված վճարային ծառայություն մատուցողի միջոցով:

3.2.2. Քարտային տվյալները մշակվում են անմիջապես վճարային ծառայություն մատուցողի կողմից, և Կառուցապատողը չի պահպանում և չի մշակում Հաճախորդի բանկային քարտի տվյալները:

3.2.3. Ամրագրումը համարվում է կատարված միայն այն դեպքում, երբ վճարային ծառայություն մատուցողը հաստատել է վճարման հաջող ավարտը:

 

3.3. Ամրագրման վճարի վերադարձը

3.3.1. Ամրագրման վճարը վերադարձվում է ամբողջությամբ, եթե՝

  • Կառուցապատողը չի կարող ապահովել ընտրված Օբյեկտի ամրագրումը,
  • պարզվում է, որ Օբյեկտն արդեն վաճառվել կամ ամրագրվել է այլ անձի,
  • ամրագրումը չի իրականացվել Կառուցապատողի կամ վճարային համակարգի տեխնիկական խափանման պատճառով,
  • Կառուցապատողը հրաժարվում է գործարքի հետագա ընթացքից՝ Հաճախորդի կողմից պայմանների խախտման հետ չկապված պատճառներով,
  • գումարի վերադարձը պարտադիր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3.3.2. Գումարի վերադարձը կատարվում է նույն վճարային քարտին կամ նույն վճարման եղանակով, որով կատարվել է վճարումը, եթե վճարային համակարգի կանոններով այլ ընթացակարգ նախատեսված չէ:

 

3.4. Ամրագրման վճարի չվերադարձման դեպքերը

3.4.1. Եթե Հաճախորդը, իր նախաձեռնությամբ, հրաժարվում է համապատասխան անշարժ գույքի ձեռքբերման կամ Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրի (այսուհետ նաև՝ պայմանագիր) կնքումից կամ չի կատարում նշված պայմանագրի կնքման համար անհրաժեշտ գործողությունները 12 օրվա ընթացքում, Ամրագրման վճարը վերադարձման ենթակա չէ:

 

3.5. Վճարումների վերաբերյալ պատասխանատվությունը

3.5.1. Կառուցապատողը պատասխանատվություն չի կրում վճարային ծառայություն մատուցողի, քարտ թողարկող բանկի կամ վճարային համակարգերի աշխատանքի խափանումների, ուշացումների կամ այլ հանգամանքների համար, որոնք գտնվում են նրա վերահսկողությունից դուրս:

3.5.2. Եթե վճարումն իրականացվել է, սակայն տեխնիկական պատճառներով ամրագրումը չի ձևավորվել, Կառուցապատողը պարտավորվում է հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնել ամրագրումը կամ վերադարձնել Ամրագրման վճարը՝ սույն Օֆերտայի պայմաններին համապատասխան:

3.5.3. Վճարման էլեկտրոնային հաստատումը համարվում է Ամրագրման վճարի կատարման ապացույց մինչև հակառակի հիմնավորված ապացուցումը:

ԳԼՈՒԽ 4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Կառուցապատողի իրավունքները և պարտականությունները

4.1.1. Կառուցապատողը պարտավորվում է՝

  • ապահովել Կայքի միջոցով առցանց ամրագրման հնարավորությունը,
  • վճարման հաջող ավարտից հետո 12 օրով ամրագրել ընտրված Օբյեկտը,
  • Հաճախորդին տրամադրել ամրագրման հաստատումը և անհրաժեշտ տեղեկատվությունը,
  • ապահովել Հաճախորդի անձնական տվյալների մշակումը և պահպանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4.1.2. Կառուցապատողն իրավունք ունի՝

  • ստուգելու Հաճախորդի կողմից տրամադրված տվյալների ճշտությունը,
  • մերժելու կամ չեղարկելու ամրագրումը, եթե Հաճախորդը տրամադրել է կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ,
  • մերժելու ամրագրումը, եթե վճարումը չի հաստատվել,
  • փոփոխելու Օֆերտայի պայմանները՝ հրապարակելով դրանց նոր խմբագրությունը պաշտոնական Կայքում:

 

4.2. Հաճախորդի իրավունքները և պարտականությունները

4.2.1. Հաճախորդն իրավունք ունի՝

  • ստանալ Կայքում հրապարակված ամբողջ տեղեկատվությունը Օբյեկտի, գնի և ամրագրման պայմանների վերաբերյալ,
  • ստանալ ամրագրման և վճարման էլեկտրոնային հաստատումը,
  • դիմել Կառուցապատողին՝ գործարքի ձևակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով,
  • օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

4.2.2. Հաճախորդը պարտավորվում է՝

  • տրամադրել ճշգրիտ և ամբողջական անձնական տվյալներ,
  • վճարել Ամրագրման վճարը սույն Օֆերտայով սահմանված կարգով,
  • 12 օրվա ընթացքում համագործակցել Կառուցապատողի հետ՝ համապատասխան պայմանագրի կնքման նպատակով,
  • չկատարել գործողություններ, որոնք կարող են խաթարել Կայքի կամ վճարային համակարգի բնականոն աշխատանքը:

 

4.3. Անձնական տվյալների մշակում

4.3.1. Օֆերտայի ընդունմամբ Հաճախորդը համաձայնություն է տալիս, որպեսզի Կառուցապատողը մշակի իր անձնական տվյալները՝

  • առցանց ամրագրումն իրականացնելու,
  • վճարումները գրանցելու,
  • պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպելու,
  • հաճախորդների սպասարկումն ապահովելու,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտականությունները կատարելու նպատակներով:

4.3.2. Անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է սույն Օֆերտայի կատարման համար, այդ թվում՝ վճարային ծառայություն մատուցողներին, սպասարկող բանկերին, տեղեկատվական համակարգերի սպասարկողներին և պետական մարմիններին՝ օրենքով նախատեսված դեպքերում:

 

4.4. Պատասխանատվությունը

4.4.1. Կողմերը պատասխանատվություն են կրում սույն Օֆերտայով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4.4.2. Կառուցապատողը պատասխանատվություն չի կրում այն վնասների համար, որոնք առաջացել են՝

  • Հաճախորդի կողմից սխալ կամ ոչ ամբողջական տվյալների տրամադրման,
  • ինտերնետ կապի խափանումների,
  • վճարային համակարգերի կամ բանկերի տեխնիկական խնդիրների,
  • երրորդ անձանց գործողությունների,
  • անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հետևանքով:

4.4.3. Կառուցապատողի պատասխանատվությունը սահմանափակվում է միայն Հաճախորդի կողմից փաստացի վճարված Ամրագրման վճարի չափով:

4.4.4. Սույն Օֆերտայով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

ԳԼՈՒԽ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

5.1. Օֆերտայի գործողությունը

5.1.1. Սույն Հրապարակային օֆերտան ուժի մեջ է մտնում Կառուցապատողի պաշտոնական Կայքում հրապարակվելու պահից և գործում է մինչև դրա նոր խմբագրության հրապարակումը կամ ուժը կորցրած ճանաչվելը:

5.1.2. Կառուցապատողն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել կամ լրացնել սույն Օֆերտան՝ հրապարակելով դրա նոր խմբագրությունը պաշտոնական Կայքում:

5.1.3. Յուրաքանչյուր առցանց ամրագրման նկատմամբ կիրառվում է այն Օֆերտայի խմբագրությունը, որն ուժի մեջ է եղել Հաճախորդի կողմից Օֆերտան ընդունելու պահին:

 

5.2. Էլեկտրոնային փաստաթղթեր և հաղորդակցություն

5.2.1. Հաճախորդը համաձայնում է, որ Կայքի միջոցով իրականացված գործողությունները, ներառյալ՝

  • Օֆերտայի ընդունումը,
  • առցանց ձևերի լրացումը,
  • Ամրագրման վճարի կատարումը,
  • ամրագրման էլեկտրոնային հաստատման ստացումը,

ունեն իրավաբանական ուժ և կարող են օգտագործվել որպես համապատասխան գործողությունների կատարման ապացույց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5.2.2. Կառուցապատողն իրավունք ունի Հաճախորդին ծանուցումներ, հաստատումներ և այլ տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային փոստի, SMS հաղորդագրության կամ Կայքում նշված այլ կապի միջոցներով:

 

5.3. Վեճերի լուծումը

5.3.1. Կողմերը պարտավորվում են սույն Օֆերտայից բխող բոլոր տարաձայնությունները նախ փորձել լուծել բանակցությունների և փոխադարձ համաձայնության միջոցով:

5.3.2. Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5.4. Եզրափակիչ պայմաններ

5.4.1. Եթե սույն Օֆերտայի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր կամ անիրագործելի, դա չի ազդում Օֆերտայի մյուս դրույթների իրավաբանական ուժի վրա:

5.4.2. Սույն Օֆերտայով չկարգավորված բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

 

5.5. Կառուցապատողի տվյալները

Կառուցապատող՝ ԱՐՄԿՈՆՍՏՐԱԿՏ ՍՊԸ

Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր, Սլավիկ Չիլոյան 17, 0051

ՀՎՀՀ՝ 02688892

Պետական գրանցման համար՝ 273.110.1049608

Հեռախոս՝ +374 44 001 060

Էլեկտրոնային փոստ՝ info@armconstruct.am

Պաշտոնական կայք՝ www.armconstruct.am

 

5.6. Օֆերտայի ընդունումը

Սեղմելով «Շարունակել վճարումը» կոճակը և նշելով «Ծանոթացել եմ և ընդունում եմ Հրապարակային օֆերտայի պայմանները» համապատասխան վանդակը (checkbox)՝ Հաճախորդը հաստատում է, որ՝

  • կարդացել և հասկացել է սույն Օֆերտայի պայմանները,
  • ամբողջությամբ և անվերապահորեն ընդունում է դրանք,
  • իր կողմից տրամադրված տեղեկատվությունը ճշգրիտ և ամբողջական է,
  • համաձայն է իր անձնական տվյալների մշակմանը՝ սույն Օֆերտայի նպատակներով,
  • համաձայն է կատարել առնվազն 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ Ամրագրման վճարը,
  • տեղեկացված է, որ Օբյեկտն ամրագրվում է 12 օր ժամկետով՝ վճարման հաջող հաստատման պահից,
  • ընդունում է, որ Օֆերտայի ակցեպտի և Ամրագրման վճարի հաջող կատարման պահից Կողմերի միջև առաջանում են սույն Օֆերտայով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

 

Օֆերտայի վերջին թարմացման ամսաթիվ՝ ____ / ____ / 20____ թ.

 


 

AI Chat: Я здесь.

AI Chat

Привет! Готовы найти своё новое жильё?